Ուկրաինայի օդային ուժերը տեղեկացրել են, որ ռուս զինվորականները մայիսի 6-ի գիշերը «Շահեդներով», անօդաչուներով հարվածել են Սումայի մարզին, որի հետեւանքով մասամբ անջատվել է էլեկտրա- եւ ջրամատակարարումը, առանց լույսի է մնացել նաեւ Խարկովի շրջանների մի մասը։

Ուկրաինայի օդուժը նշել է, որ 13 «Շահեդներից» 12-ը խփվել է։

Սումայում զանգվածային գրոհի պատճառով պահուստային սնուցման են անցնում կրիտիկական ենթակառուցվածքները, տեղեկացրել է քաղաքի ռազմական վարչության ղեկավար Ալեքսեյ Դրոզդենկոն։

«Ջրամատակարարումը եւ հիվանդանոցները կապահովվեն պահուստային սնուցմամբ լրիվ ծավալով։ Քաղաքում բացվում են «անխորտակելիության կետեր»,- ավելացրել է նա։

«Суспільне»-ի տեղեկացմամբ՝ Սումայի որոշ շրջաններում անջատվել է էլեկտրականությունը, մասամբ՝ ջրամատակարարումը։ Դրանից առաջ քաղաքում պայթյուններ են որոտացել։

Լույսի հետ կապված խնդիրներ են առաջացել ոչ միայն Սումայում, այլեւ Լեբեդինում, Բելոպոլիեում, Ախտիրկայում, տեղեկացրել է «Суспільне»-ն։ Մարզկենտրոնում մասամբ անջատվել է նաեւ ջրամատակարարումը։

Կեսգիշերից հետո լույսն անջատվել է նաեւ Խարկովի մի շարք շրջաններում։ Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել։