Հայաստանում դոլարի արժևորումը կապված է ոչ թե հայկական դրամի, այլ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո սպասելիքների և Հայաստանի տնտեսության հետ չառնչվող այլ գործոնների հետ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
Ըստ նրա՝ դոլարի վարքագիծը թերևս առնչվում է նաև նավթի գների նվազման մասին հայտարարություններին, ինչը հանգեցնում է ամերիկյան արժույթի գնի բարձրացմանը։
«Դոլարի հետագա վարքագիծը կախված է նրանից, թե Արևմուտքն ինչ պայմանավորվածությունների կհանգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, Ուկրաինայի պատերազմի, էներգակիրների գնի վերաբերյալ համաձայնագրերի, Չինաստանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական քաղաքականության, ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերներին Թրամփի վարչակազմի ֆինանսավորման չափի վերաբերյալ և այլն»,- ընդգծել է փորձագետը։
Նա արձանագրեց, որ այսօր համաշխարհային շուկան անորոշ վիճակում է՝ կրկնելով, որ ընդհանուր առմամբ դոլարի վարքագիծն այս փուլում առնվում է ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական գործընթացներին և դրանց անկանխատեսելիությանը։
Անդրադառնալով բիթքոյնի գների բարձրացմանը՝ Ադոնցը պարզանբանել է, որ այն դեռ տնտեսության հավասարակշռության վրա ազդելու ունակ գործոն չէ։
«Դոլարի փոխարժեքի առանձին գործոնը լինելու համար բիթքոյնի ծավալը բավականաչափ մեծ չէ»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի վրա ազդող ներքին գործոններին, դրանք կարող են լինել, օրինակ, արտահանման, շինարարական աշխատանքների նվազումը, ինչպես նաև դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ծավալների էլ ավելի մեծ նվազումը։
«Դեռևս չկան, համենայն դեպս ոչ այնպիսի մասշտաբով, որ այդքան կտրուկ ազդեն դոլարի փոխարժեքի վրա։ Վերջին գործոնների ազդեցությամբ դոլարի փոխարժեքի փոփոխությունը տեղի կունենա աստիճանաբար, ոչ թե անմիջապես»,-նշել է Ադոնցը։
Միաժամանակ դրամի արժեզրկումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, զգուշացրել է տնտեսագետը։
«Ներկայիս տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանն արդեն փակել է երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։ Շատ ու շատ դժվար է լինելու ինչ-որ բան հետ շրջել»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 26-ին կազմել է 390,88 դրամ՝ երկու շաբաթվա ընթացքում աճելով 3,37 դրամով։ Նոյեմբերի 12-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմել է 387,51 դրամ։





























