ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ձեռնպահ է մնացել Վրաստանի նորանշանակ նախագահ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին գնահատական տալուց։ Այդ մասին նա ասել է ԵՄ արտգործնախարարների պաշտոնում իր առաջին հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է European Pravda-ն։
Կալլասին հարցրել են, թե արդյոք նա շարունակում է աջակցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի, այսպես կոչված, նոր նախագահի «ընտրություններից» հետո։
«Եթե խոսքը նախագահական ընտրությունների մասին է, ապա նախագահը դեռևս պաշտոնավարում է մինչև դեկտեմբերի 29-ը։ Իսկ մինչ այդ շատ բան կարող է տեղի ունենալ»,- ասել է նա:
Կալլասը նաև ասել է, որ նախարարների միջև քննարկման թեման կլինի Վրաստանում տիրող իրավիճակը և հնարավոր պատժամիջոցները ռեժիմի ներկայացուցիչների դեմ, որոնք ներգրավված են բողոքի ցույցերը ճնշելու մեջ։
«Մենք ունեցել ենք այս քննարկումները, և, իհարկե, մենք 27 ժողովրդավարական երկրներ ենք՝ մեր սեփական գաղափարներով, ուստի դրա համար ժամանակ է պահանջվում: Բայց, այո, մենք առաջարկել ենք պատժամիջոցային ցուցակ այն մարդկանց հանդեպ, որոնք ուժ ու բռնություն են գործադրում ընդդիմության նկատմամբ։
Կխոսենք նաև առանց վիզայի ռեժիմի մասին, թե ինչպես կարելի է դա սահմանափակել՝ կան երկրներ, որոնք ցանկանում են, որ Եվրահանձնաժողովը նման առաջարկ անի»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Հարկ է նշել, որ նախկինում առնվազն Նիդեռլանդները հրապարակայնորեն հանդես էին գալիս Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը սահմանափակելու օգտին՝ բողոքի ակցիաների ճնշման ֆոնին։
Դեկտեմբերի 14-ին Վրաստանի նախագահական ընտրություններում, որոնք առաջին անգամ չեն անցկացվել ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, երկրի ղեկավարի պաշտոնում հաստատվել է իշխանության կուսակցության կողմից առաջադրված միակ թեկնածուն՝ նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին։
Նշենք, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկությունը համարում է ոչ լեգիտիմ և չի ճանաչում դրա արդյունքները։





























