ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը այլեւս հնարավոր չի համարում ԿՀՎ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում Ռոբերտ Քենեդի-կրտսերի, որի թեկնածությունն առաջադրվել է առողջապահության նախարարի պաշտոնում, հարսի նշանակումը։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփը «օգնականներին հայտնել է, որ այլեւս չի դիտարկում Քենեդի-կրտսերի հարսի թեկնածությունը ԿՀՎ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում»։ Հանրապետական օրենսդիրները ավելի վաղ մտավախություն էին հայտնել, որ Ամարիլիս Ֆոքս-Քենեդին, որը Քենեդի-կրտսերի որդու կինն է, «կփորձի իրականացնել լուրջ փոփոխություններ ԱՄՆ կարեւոր հետախուզական վարչությունում»։ Նրա թեկնածությունը քննադատել է սենատոր Թոմ Քոթոնը (հանրապետական Արքանզասի նահանգից), որը, ինչպես սպասվում է, կդառնա Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահը հաջորդ տարի։
Ըստ թերթի՝ ԿՀՎ տնօրենի առաջին տեղակալը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ հետախուզական հանրույթում։ Այս պաշտոնին նշանակվելու համար նախագահը պետք է ունենա սենատորների համաձայնությունը։
Ինչպես դեկտեմբերի 11-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին, Քենեդի-կրտսերը մտադիր է ապացուցել, որ ԿՀՎ-ն մասնակից է իր հորեղբոր՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը։ Դրա համար նա առաջադրում է իր հարսի թեկնածությունը նշյալ պաշտոնում։ Հրապարակման մեջ նշվել է, որ Թրամփը իրեն պարտավորված է զգում Քենեդի-կրտսերի առջեւ ընտրություններում իր հաղթանակին աջակցելու համար։ Պորտալի գնահատմամբ՝ Ֆոքս-Քենեդին, որը նախկինում աշխատել է ԿՀՎ-ում, նշանակման դեպքում կարող էր հրապարակել տալ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են սպանությանը։





























