Թուրքիան մտադիր չէ ռազմական գործողություն իրականացնել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ, որոնք առնչակցվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, եթե Սիրիայի նոր իշխանությունները լիակատար վերահսկողություն սահմանեն երկրի տարածքում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Քրդական կուսակցության ընդլայնումը Սիրիայում, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» լուրջ սպառնալիք են Թուրքիայի համար»,- ասել է նա Al Jazeera-ի հարցազրույցում։ «Այժմ Դամասկոսում նոր վարչակազմ է։ Ես կարծում եմ, որ հիմա դա առաջին հերթին նրանց խնդիրն է։ Ուստի ես կարծում եմ, որ եթե նրանք զբաղվեն այդ հարցով ինչպես հարկն է, մենք միջամտության պատճառ չենք ունենա»,- նշել է Ֆիդանը՝ մեկնաբանելով ԶԼՄ տարածած տեղեկությունները Սիրիայում իր երկրի ռազմական գործողության մասին։ Նա դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք նոր սիրիական իշխանությունները պետք է լիակատար վերահսկողություն սահմանեն երկրում այդ խնդրի լուծման համար։

Խոսելով այն մասին, թե արդյոք Թուրքիայի համար սպառնալիք կլինի քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայում, Ֆիդանն ասել է, որ «դա պետք է լուծի սիրիացի ժողովուրդը»։ Անկարան կցանկանար, որպեսզի քրդերը եւ արաբներն ապրեն որպես երկու [ժողովուրդ] մեկ [պետությունում], իրենց բնիկ հողերում»։ «Հարկ չկա նրանց բռնի տեղահանել»,- ավելացրել է նա։

Նա նշել է, որ Թուրքիան մտադիր չէ վտարել սիրիացի փախստականներին, որոնք երկիր են եկել հակամարտության տարիներին։ «Մենք հուսով ենք, որ նրանք կվերադառնան ինքնակամ եւ անվտանգ, եթե ցանկանան,՝ գնահատելով նոր իրողությունը»,- շարունակել է Ֆիդանը։ Նա կարծում է, որ կայունացմանը զուգնթաց՝ Սիրիա կվերադառնան ավելի շատ փախստականներ։