Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի բանակցություններ են վարել Թուրքիային «օդ-օդ» հրթիռների հնարավոր վաճառքի վերաբերյալ՝ մտահոգություն առաջացնելով Աթենքում, տեղեկացրել է Kathimerini-ն։
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի շրջանակում, եւ, ինչպես տեղեկացվել է, մթնոլորտը նպաստավոր էր։
Միցոտակիսը խնդրել է մանրամասնել Թուրքիայի և Եվրոպական հրթիռային MBDA կոնսորցիումի միջև ընթացող բանակցությունները, որոնք ընթանում են Միացյալ Թագավորության միջնորդությամբ։ Մակրոնը հաստատել է քննարկումը, սակայն ընդգծել է, որ Թուրքիայի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։
Նա նշել է, որ Թուրքիայի հետ համաձայնությունը չպետք է նախորոշված համարել։
Հարցը գրավել է Հունաստանի ուշադրությունը՝ հաշվի առնելով պաշտպանության ոլորտում նրա ամրացող կապերը Ֆրանսիայի հետ։ 2021-ից Աթենքը գնել է 24 Rafale կործանիչ, որոնցից յուրաքանչյուրն ունի Meteor հրթիռներ։ Բացի այդ, Հունաստանը պատվիրել է ֆրանսիական արտադրության երեք FDI ֆրեգատ, բանակցություններ են վարվում չորրորդի ձեռքբերման շուրջ։ Պաշտպանական համաձայնագիրը երկու երկրների միջեւ ներառում է փոխադարձ օգնության կետ, որն ամրապնդում է նրանց ռազմավարական գործնկերությունը։ Նախատեսվում է, որ Միցոտակիսը եւ Մակրոնը նորից կհանդիպեն երկուշաբթի Փարիզում, արհեստական բանականության վերաբերյալ գագաթաժողովում։ Հանդիպման նպատակը նաեւ այն բանի հաստատումն է, որ հույն-ֆրանսիական հարաբերությունները մնում են հիանալի՝ չնայած վերջին օրերի ողջ իրարանցմանը Meteor հրթիռների եւ Թուրքիային դրանց հնարավոր վաճառքի պատճառով։





























