Իսրայելի գիտության և տեխնոլոգիաների նախարար, անվտանգության կաբինետի անդամ Գիլա Գամլիելը մտադիր է առաջադրվել երկրի հաջորդ նախագահի պաշտոնում, գրում է Times of Israel-ը։

Մի քանի շաբաթ առաջ Գամլիելը քարոզարշավ սկսեց Քնեսեթի անդամների, «Լիկուդ» և այլ աջակողմյան կուսակցությունների հիմնական ակտիվիստների շրջանում՝ հույս ունենալով հասնել այդ պաշտոնի համար առաջադրմանը:

50-ամյա Գամլիելը քաղաքականապես ակտիվ է եղել երիտասարդ տարիներից և դարձել է երկրում առաջին կինը, որը ղեկավարել է ազգային ուսանողական միությունը: Իսրայելում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2028 թվականի հունիսին։

Գամլիելը հույս ունի արդեն վաղ փուլում աջակցություն ապահովել՝ հետևելով ներկայիս նախագահ Իցխակ Հերցոգի օրինակին, որը տարիներ շարունակ աշխատել է իր նախագահական թեկնածության համար: Գամլիելը ձգտում է լինել «Լիկուդ» կուսակցության միակ թեկնածուն այդ պաշտոնում: Պետության նախագահն ընտրվում է Քնեսեթի կողմից յոթ տարին մեկ՝ գաղտնի քվեարկությամբ։