ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն իր անցկացրած աուդիտի ժամանակ Պենտագոնում միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների փաստեր կհայտնաբերի:

«Շատ շուտով, միգուցե 24 ժամից պատրաստվում եմ  նրան ասել, որ նա ստուգի կրթության նախարարությունը: ...Հետո ես կգնամ, կգնամ բանակ։ Եկեք ստուգենք զինվորականներին»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստվում ենք միլիարդավոր, հարյուր միլիոնավոր դոլարների խարդախությունների և չարաշահումների փաստեր հայտնաբերել», - ասել է Թրամփը պաշտպանության նախարարության մասին:

Պենտագոնի բյուջեն կազմում է տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն օրինագիծ էր ստորագրել, որը նախատեսում է 895 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսեր սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար: Թրամփը հանձնարարել է Մասկին, որը հատուկ պետական ծառայող է, ղեկավարել ԱՄՆ դաշնային աշխատուժի քանակը կրճատելու ջանքերը:

Այս նախաձեռնության շրջանակում Մասկի օգնականները տարբեր կառավարական հաստատությունների ​​համակարգչային համակարգերում գաղտնի տեղեկատվության հասանելիության էին հասնում:

Քննադատներն ասում են, որ այդ ջանքերը, ամենայն հավանականությամբ, անօրինական են, վտանգում են գաղտնի տեղեկությունների բացահայտումը և գործնականում կարող են հանգեցնել ամբողջական գործակալությունների ոչնչացմանը առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության: