Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ կքննարկի երկու երկրների միջեւ գործընկերության զարգացումը։

«Անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը եւ Հնդկաստան-ԱՄՆ համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերության զարգացմանը»,- գրել է նա X-ում։ Հնդկաստանը եւ ԱՄՆ-ը, ասել է նա, «կշարունակեն սերտորեն համագործակցել ի բարօրություն մարդկանց եւ հանուն մեր մոլորակի ավելի լավ ապագայի»:

Մոդիի Վաշինգտոն այցի առաջին շփումներից մեկը նրա հանդիպումն էր ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի հետ։ Հնդկաստանի վարչապետն ասել է, որ նրա հետ քննարկել է «հնդկա-ամերիկյան բարեկամության տարբեր ասպեկտները, որի ջերմեռանդ կողմնակիցն է մշտապես եղել Գաբարդը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հարավասիական հանրապետության ԱԳՆ-ն, Մոդին Վաշինգտոնում կանցկացնի երկու օր։ Այցի շրջանակում նա բանակցություններ կվարի ինչպես երկկողմ ձեւաչափով Թրամփի հետ, այնպես էլ պատվիրակության մակարդակով։ Օրակարգում են առեւտրի, պաշտպանության, էներգետիկայի, միգրացիայի, տեխնոլոգիաների հարցերը։