ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ցանկանում է վերսկսել միջուկային զենքի վերահսկման շուրջ բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, և որ, ի վերջո, հուսով է՝ բոլոր երեք երկրները կհամաձայնեն կիսով չափ կրճատել իրենց հսկայական պաշտպանական բյուջեն, հաղորդում է Associated Press-ը:
Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը ափսոսանք է հայտնել այն հարյուր միլիարդավոր դոլարների համար, որոնք ծախսվել են ազգի միջուկային զսպման մեխանիզմի վերականգնման համար և նշել, որ հույս ունի օգտվել ԱՄՆ հակառակորդների աջակցությունից՝ սեփական ծախսերը կրճատելու համար:
«Մենք միանգամայն նոր միջուկային զենք ստեղծելու պատճառ չունենք, առանց դրա արդեն շատ ունենք։ Դուք կարող էիք 50, 100 անգամ ոչնչացնել աշխարհը: Ու ահա, մենք նոր միջուկային զենք ենք սարքում, ու նրանք են միջուկային զենք սարքում»,- ասել է Թրամփը։
«Մենք բոլորս մեծ գումարներ ենք ծախսում, որոնք կարող ենք ծախսել այլ բաների վրա, որոնք, հուսով ենք, իրականում շատ ավելի արդյունավետ են», -շեշտել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն սառը պատերազմի ժամանակաշրջանի զենքի հսկայական պաշարներ ունեն, սակայն Չինաստանը «հինգ կամ վեց տարվա ընթացքում» միջուկային հարվածների հնարավորությամբ կհավասարվի նրանց:
Թրամփը հայտնել է, որ կցանկանար միջուկային բանակցություններ սկսել երկու երկրների հետ, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում «գործերը կարգավորելուն պես»։





























