Այն, ինչ այսօր ունենք՝ մեր բազմաթիվ սխալների արդյունքն է. դա եղել է և 1994 թվականի զինադադարի ժամանակ, երբ մենք առանց որևէ նախապայմանի գնացինք այդ զինադադարին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, լրագրողների հետ զրույցում նշեց արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից, «Կռունկ» կոմիտեի անդամ Բորիս Առուշանյանը:
«Հիմա նայեք, տեսեք ռուս-ուկրաինական պատերազմը ինչքան դժվարությամբ են գնում զինադադարի: Անընդհատ ուկրաինացիները պահանջում են անվտանգության երաշխիքներ: Մենք առանց որևէ երաշխիքների, միայն հավատալով Մինսկի խմբի եռանախագահների խոստումներին, որ օժային մեթոդներով խնդիրը չի լուծվելու, միամիտաբար գնացինք այդ զինադադարը, այն դեպքում, երբ Ադրբեջանը լրիվ ջախջախված էր, մեր դեմ զորք չկար, հայր Ալիևը, հայր Ալիևը ամեն օր զանգում էր կամ Լեոնտի Պետրոսյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին ու զինադադար էր խնդրում:
Նման պայմաններում գնալ առանց նախապայմանների, ես կարծում եմ՝ կոպտագույն սխալ է եղել:
Հետո եղան ուրիշ սխալներ, վայրի կապիտալիզմի ներդրումը բերեց բեւեռացման եւ անարդարության մթնոլորտի ձեւավորմանը: Եղել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում բազմաթիվ վախեցումներ, եղել են հնարավորություններ, երբ Ադրբեջանը մերժում էր բոլոր առաջարկները Մինսկի խմբի, Հայաստանը կարող էր ճանաչել Արցախի անկախությունը և հիմք դնել միացման գործընթացին: Գոնե մենք անվտանգային մի էլեմենտ, մի շտրիխ կունենայինք անվտանգային, եթե Արցախը ճանաչվեր Հայաստանի կողմից: Գուցե մի քանի ուրիշ երկրներ ևս ճանաչեին, և այսօր ոչ Պուտինը, ոչ աշխարհի այլ հզորներ չէին ասի՝ «Հայաստանը չի ճանաչել, մենք ի՞նչ անենք»: Փաստորեն մեր աչքն են խոթում այդ մեր սխալը:
2020 թվի պատերազմի ժամանակ էլ եղել են սխալներ պատերազմի կառավարման ոլորտում։ Խախտվել է հենց պատերազմի այբուբենը, թշնամին առաջին իսկ րոպեներից հարվածում էր մեր ռազմավարական օբյեկտներին, իսկ Հայաստանի կողմից պատասխան չկար: Իսկ ժամանակակից պատերազմում անգամ մի ժամն էլ նշանակություն ունի։
Հետո եղավ այդ խայտառակ զինադադարը նոյեմբերի 9-ի, երբ առանց որևէ մի կրակոցի երեք շրջան հանձնեցին թշնամուն, այն դեպքում, երբ հայկական բանակը ավելի լավ վիճակում էր, քան ասենք 1992 թվականին, երբ մենք պատերազմի մեջ էինք։ Բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում մենք գնացինք այդ խայտառակ զինադադարին, փաստորեն Արցախը մտցնելով շրջափակման մեջ՝ միայն թողնելով Լաչինի միջանցքը, այն էլ ռուս խաղաղապահների հսկողության տակ»,- հայտարարեց Առուշանյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների հետ վերադարձի ապահովումը, նա արձագանքեց. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակ ելքը չէ, թեկուզ այդ փաստաթղթով ևս հնարավոր է: Եթե Ռուսաստանը ցանկություն հայտնի Հայաստանի իշխանությունների հետ միասին, որոնք փաստորեն ստորագրել են այդ փաստաթուղթը, երկուստեք, եթե համաձայնեցված սկսեն գործելը, պահանջեն Ադրբեջանից առաջին ութ կետերի կատարումը, հնարավոր է, բայց Ռուսաստանը այսօր դեռ պատերազմի մեջ է: Ես հնարավոր եմ համարում այդ տարբերակը, միայն պետք է Ռուսաստանը այդ ցանկությունը ունենա:
Բայց ավելի ռեալ եմ համարում այսօրվա միջազգային գործընթացները, որոնք ընթանում են, Թրամփի ղեկավարությամբ նոր աշխարհակարգ է ձևավորում, հնարավոր են այնպիսի զարգացումներ տարածաշրջանային, որ միջազգային երաշխիքների միջոցով և Հայաստանի իշխանությունների, ընդհանրապես հայ ժողովրդի ինքնակազմակերպման միջոցով մեր ուժերի կենտրոնացմամբ աշխատանք տանելով հնարավոր լինի ապահովել անվտանգային երաշխիքներով մեր հավաքական վերադարձը: Դրա համար պետք է ունենաք հստակ հավաքական վերադարձի ծրագիր և համապատասխան աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ»:











