Մարզերի երիտասարդ մարդկանց մտքերը, դիսկուրսները, հայացքները շատ-շատ տարբերվում են Երևանից: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ Սյունիքի և Արմավիրի մարզերում բնակվող երիտասարդների հետ ունեցել են հանդիպումներ, և փորձել են հասկանալ նրանց պատկերացումները հետպատերազմյան և հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ։
«Ես գիտեմ ուսանողների, որոնք, օրինակ Ստոկհոլմում եղել են, իսկ Աշոցքում՝ երբեք, անգամ շատերը Սևանում չեն եղել։ Մենք տեսանք, թե ինչպես են տարբերվում երիտասարդները մարզերում, ընդ որում, նրանք տարբերվում են և՛ Երևանի, և՛ մյուս մարզերի երիտասարդներից»,–ասաց նա։
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Սյունիքում երիտասարդներն ավելի հաճախ խոսում էին իրենց անվտանգային խնդիրներից, Արմավիրում նույնպես խոսում էին անվտանգությունից՝ ի նկատի ունենալով բանակը, քաղաքականությունը։
«Օրինակ Քաջարանում, որտեղ կա կոմբինատ, երիտասարդներն ասում էին՝ կավարտենք մեր դպրոցը կամ քոլեջը եւ կաշխատենք կոմբինատում, իսկ աղջիկներն ասում էին, որ իրենց ամուսինները կաշխատեն կոմբինատում, լավ է, որ աշխատանք կա։ Ի տարբերություն Քաջարանի, Գորիսում շատերն ասում էին, որ կփորձեն գալ Երևան: Համարյա բոլոր երիտասարդներն ասում էին` մարզերում դժվար է սովորելը, մարզային բուհերի որակը ցածր է, ստիպված են գնալ Երևան, ինչը նույնպես հեշտ չի: Ասում էին՝ կուզենանք մեր մարզերում լինեն որակյալ բուհեր, որ կարողանանք լավ կրթություն ստանալ»,–ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետը նշեց, որ մարզերի երիտասարդների հետ հանդիպումների արդյունքներում պարզվել է, որ երիտասարդները գոհ են ներքին քաղաքականությունից, դժգոհ՝ արտաքինից։
«Ուր գնում ես ու հարցնում՝ ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո, միայն ասֆալտապատման մասին են խոսում, տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխությունն արվել է ասֆալտապատման համար»,–ասաց Իսկանդարյանը։











