Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի ավարտին հայտարարել է. «Եվրոպան արթնացել է»։ Ըստ նրա՝ մասնակիցները Ուկրաինային օգնության, սերտ անդրատլանտյան համագործակցության անհրաժեշտության և արևելյան սահմանի ամրապնդման հարցերում միասնական են եղել, հաղորդում է BBC-ն։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ «միակ բանը, որ բացարձակապես չենք կարող մեզ թույլ տալ, [Ուկրաինայում] կարճատև խաղաղությունն է»։

«Մենք պետք է շատ զգույշ լինենք՝ գնահատելով այն, ինչ առաջարկվում է, հատկապես՝ պատասխանելով հետևյալ առանցքային հարցին՝ հնարավո՞ր է խախտել այդ խաղաղությունը։ Որովհետև, ցավոք, մենք ավելի վաղ տեսել ենք դա»,- ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը։

Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ ՆԱՏՕ-ում «անդրատլանտյան դաշինքը» մնում է «անվտանգության բանալին» ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի համար։ Ըստ Շոլցի՝ դաշինքն ամրապնդվել է վերջին տարիներին «նոր անդամների և պաշտպանության ծախսերի միջոցով», և որ «սա այն ճանապարհն է, որով գնալու ենք ապագայում»:

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆն ընդգծել է, որ Եվրոպան «պետք է ավելի մեծ դեր ստանձնի մայրցամաքի անվտանգության ապահովման գործում» և հավելել, որ «անհրաժեշտ են նաև լավ անդրատլանտյան հարաբերություններ»։