Ֆրանսիան առաջարկում է Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրել, հայտնել է պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ դադարեցնում է հետախուզական տվյալների փոխանակումը Կիեւի հետ։ «Մենք ունենք հետախուզական ռեսուրսներ, որոնք օգտագործում ենք ուկրաինացիներին օգնելու համար», - France Inter ռադիոկայանին ասել է Լեքորնյուն:
«Դա դադարեցվել է երեկվանից»,-ավելացրել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ «Կարծում եմ, որ մեր բրիտանացի ընկերների համար, որոնք Միացյալ Նահանգների հետախուզական համայնքում են, դա ավելի դժվար է»:
Լեքորնյուն նաեւ հայտնել է, որ Ֆրանսիայի միջուկային զենքի պաշարները, որոնք ստեղծվել են սառը պատերազմի առաջին օրերին եւ հաշվարկված են, որպեսզի անկախ լինեին այն ժամանակ գերիշխող տերություններից՝ Վաշինգտոնից եւ Մոսկվայից, բավականաչափ են։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի հայտնել է, որ Ֆրանսիան բաց է քննարկելու իր միջուկային զինանոցի կողմից եվրոպացի գործընկերներին տրամադրվող պաշտպանության ընդլայնումը Ռուսաստանից Եվրոպային սպառնացող վտանգի դեպքում:
Նա նախօրեին ելույթ է ունեցել եվրոպական առաջնորդների գագաթաժողովում, որը, ինչպես սպասվում է, նվիրվելու է Ուկրաինայի եւ պաշտպանության հարցերին։
ԱՄՆ-ը, իր հերթին, պնդում է, որպեսզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին Ռուսաստանի հետ, որը ներխուժել է Ուկրաինա 2022թ. փետրվարին, խաղաղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։





























