Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը հասցնել նոր սրման, իսկ հայկական կողմն ամեն անգամ փորձում է դա կանխել։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմից գնդակոծությունները։

«Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը բերել նոր սրման, եւ մենք, բնականաբար, ամեն անգամ փորձում ենք կանխել այդ նոր սրումը։ Մենք հասկանում ենք, որ լարվածությունը կամ իրավիճակի հնարավոր սրումը կախված է թե՛ Բաքվի ցանկությունից, թե՛ իրավիճակը կառավարելու մեր կարողությունից»,– ասել է Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմն առաջնորդվում է այս սկզբունքով։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են եւ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի երաշխավորվի մարտական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը։