Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծման համատեքստում իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Եթե որոշ գործիչներ 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերելու, եւ արդյունքն այնպիսին է, ինչպիսին հիմա է, ապա հրաժարականից բացի այլ գործողություններ չեն մնացել, ինչի՞ վրա եք զարմանում, սա Փաշինյանի աշխարհն է, ամեն ինչ տրամաբանական է, սա իրական դարձած դժոխք է, սակայն մենք զգուշացրել ենք այս մասին»,- ասել է Մամիջանյանը։
Նա հիշեցրել է, որ ՊՆ-ն սկսում է հրետակոծության մասին հայտարարություններ տարածել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվում։ «Փորձել են «հանդես գալ» Ադրբեջանի օգտին՝ ասելով, որ կրակոցները թիրախային չեն եղել եւ ուղղված են եղել օդ»,- նշել է պատգամավորը։
Ընդդիմադիրը դիմել է նաեւ խաղաղության մասին կեղծ թեզերով խաբված քաղաքացիներին։ Պատգամավորը կոչ է արել նայել, թե ինչի է հանգեցրել այս ամենը, եւ գնալ այլ ճանապարհով։ «Անհրաժեշտ է ներգրավել միջազգային միջնորդներին, բանակցային գործընթացի երաշխավորներին, եւ փոխել բանակցությունների տրամաբանությունը, նկատի ունեցեք, ես պատերազմի մասին ոչ մի բառ չասացի, մենք դեմ չենք խաղաղությանը»,- ընդգծել է Հայկ Մամիջանյանը։





























