Ադրբեջանում դիտարկում են Սյունիքի զավթման հնարավորությունը։ Դա արվում է ադրբեջանական տրամաբանությանը բնորոշ որպես «հայկական ագրեսիային պատասխան» ձեւով։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին հարձակողական սպառազինության տրամադրումը տարբեր տեսակի օգնության քողի ներքո եւ Հայաստանին հնարավոր միջազգային ռազմական գործողություններին նախապատրաստելու գործընթացը, ներառյալ ԵՄ առաքելությունը, եւս մեկ անգամ հաստատում են, որ Հարավային Կովկասում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում հակամարտության նոր օջախի ստեղծումը զարգանում է երկու սցենարով»,- հայտնել է արտաքին միջամտությունների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը ադրբեջանական խորհրդարանի լսումների ժամանակ։

Բառացի մեջբերում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից. «Նախ՝ Հայաստանը, Ֆրանսիայի աջակցությամբ եւ դրդմամբ, կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ինչը կհանգեցնի տարածաշրջանում նոր հակամարտության բռնկման։ Երկրորդ՝ Հայաստանը կարող է ներքաշվել արեւմտյան ռազմական գործողությունների մեջ իր հարեւան պետություններից մեկի, օրինակ՝ Իրանի դեմ, եւ եթե գործողություններն անհաջող լինեն, այդ պետության հակահարձակման արդյունքում կարող է գրավվել Արեւմտյան Զանգեզուրը/Սյունիքը։ Սրանք մեր սցենարներն են։ Որովհետեւ Հայրենական պատերազմից հետո Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը մեծացել է, ինչն արտաքին դերակատարների հետաքրքրությունը գրավել է մարզի հանդեպ»։

Այսպիսով, «պատասխան ագրեսիային» քողի ներքո Բաքուն մտցնում է Սյունիքը գրավելու գաղափարը։ Գաղափարը հնչել է ճիշտ ժամանակին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։