Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ինքնալուծարման որոշումը կարևոր է համարել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։
«Ըստ իս, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) որոշումը պատմական է և շատ կարևոր, հատկապես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու տեսանկյունից։ Ընդունած որոշումից հետո այն իրականացնելու համար պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն։ Մենք ուշադիր կհետևենք դրանց», -Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարել է թուրք նախարարը։
Թուրքիայում նախկինում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) համագումար է անցկացրել, որի ժամանակ որոշել է լուծարվել և վերջ դնել Թուրքիայի իշխանությունների հետ գրեթե 50-ամյա զինված բախմանը։ Համագումարի հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցությունն այժմ անցնում է պայքարի ժողովրդավարական և քաղաքական եղանակների։
Փետրվարի վերջին Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կուսակցությանն առնչվող բոլոր կազմավորումներին կոչ արեց վայր դնել զենքերը, դադարեցնել Անկարայի հետ հակամարտությունը և լուծարել Քրդական աշխատավորական կուսակցությունը։





























