Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում ես ունակ եմ արդյունավետ կառավարման։ Այս մասին մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը հիշեցրել է, որ ինքն առաջին դեմք է դարձել Ղարաբաղում, երբ Ղարաբաղի 50%-ից ավելին կորսված էր, և մարդիկ հույս չունեին։

Երկրորդ նախագահը հայտնել է, որ այն ժամանակ ինքը պատասխանատվություն է ստանձնել, որից հետո ստեղծվել է պաշտպանության պետական կոմիտե, որը նա գլխավորել է։

Քոչարյանը հավելել է, որ այդ մարմինը (Ղարաբաղը-խմբ.) դուրս է բերել այդ իրավիճակից և հաղթանակով է ավարտել (պատերազմն Ադրբեջանի հետ - խմբ.)։ «Ես քայլ առ քայլ գործողությունների պլան չունեի, բայց մի քանի հիմնական քայլեր կային, որոնք պետք էր անել. մոբիլիզացնել ամբողջ ժողովրդին, հստակ խնդիր դնել, արդյունավետ կառավարել, մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց յուրաքանչյուր քայլի համար։ Մենք ավելի կազմակերպված էինք, քան Ադրբեջանը, և հաջողության հասանք»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականին իրեն հրավիրել է Հայաստան, իրավիճակը խայտառակ էր։ «Պետությունը 9-12 ամիս մարդկանց աշխատավարձեր և թոշակներ չէր վճարում։ Ես մի քանի ամսում փակեցի այդ պարտքերը, իսկ նախագահ դառնալուց հետո աշխատավարձերի և թոշակների ֆինանսավորումը ոչ մի օր չի ուշացել»,- ընդգծել է երկրորդ նախագահը։

Նրա գնահատմամբ, Հայաստանում ամենամեծ խնդիրը կառավարման խնդիրն է, և այսօր ավելի ծանր ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել, քան առաջին երկու դեպքերում, բայց նաև իր փորձն է հիմա ավելի մեծ։ Նա պատրաստակամություն է հայտնել քվեարկել այն մարդու օգտին, ով նույնպիսի կենսագրություն կունենա։

«Ես ասում եմ, որ կարող եմ լուծել այս հարցերը»,- պարզաբանել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար դա այլ բան չի լինի, քան ծանր պատասխանատվություն։

Նա մեջբերել է միջնադարյան մտածող Մաքիավելիի խոսքը, որն ասում էր, որ երբ տգետը դառնում է պետության առաջին դեմքը, նա իր շուրջն է հավաքում էլ ավելի հիմար մարդկանց, որպեսզի նրանց ֆոնին խելացի թվա։ «Եվ այսպես տեղի է ունենում ամբողջ պետական բուրգով, ինչը հանգեցնում է դրա դեգրադացիային»,- եզրափակել է երկրորդ նախագահը։