Ադրբեջանում քաղաքական և նաև փորձագիտական շրջանակներում կա ընկալում, որ միակ երաշխիքը, որ Հայաստանը երբեք չի փորձի նորից վտանգ լինել Ադրբեջանի համար կամ երբեք չի փորձի վերականգնել գոնե մասամբ այն, ինչ կորցրել է 2020-2023 թվականներին, միակ երաշխիքը Հայաստանի վերածումն է ոչ կենսունակ պետության։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «APRI Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
«Այսինքն եթե Հայաստանը կենսունակ պետություն է, ապա միշտ Ադրբեջանում կա այդ երկյուղը, կամ մտահոգությունը, որ ինչ-որ պահի ուժերի բալանսը կարող է փոխվել 10 տարի, 20 տարի, 30 տարի անց, և Հայաստանը կարող է օգտվել ուժային բալանսի փոփոխությունից։ Իսկ ոչ կենսունակ Հայաստանը, ըստ Ադրբեջանի, երբեք չի կարող Ադրբեջանի համար վտանգ հանդիսանալ և երբեք չի կարող ինչ-որ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ։
Հասկանալի է, եթե Զանգեզուրի միջանցքը ստեղծվում է Ադրբեջանի պատկերացումների համաձայն, Հայաստանը դառնում է ոչ կենսունակ պետություն։ Եթե Հայաստանի տարածքում ստեղծվում է Արևմտյան Ադրբեջանի ինքնավար միավոր, հասկանալի է, Հայաստանը դառնում է ոչ կենսունակ պետություն։ Այսինքն վերջնական գերնպատակը Հայաստանը ոչ կենսունակ պետություն դարձնելն է»,–ընդգծեց նա։
Անդրադառնալով նրան, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ադրբեջանական հարձակման ներխուժման վտանգ է տեսնում, որ իրենք ջանքեր են գործադրում դա կանխելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Բենիամին Պողոսյանն ասաց. «Այդ վտանգը միշտ էլ կա և դեռ երկար տարիներ կլինի։ Իհարկե հասկանալի է, որ ամերիկացիները իրենց ինֆորմացիայի աղբյուրներ ունեն, այդ թվում նաև Ադրբեջանից։ Սա հուշում է այն մասին, որ ցանկացած պահին, երբ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը գտավ, որ Հայաստանի դեմ նոր ռազմական հարձակումը ավելի շատ իրենց օգուտ կբերի, քան վնաս, ապա սկսելու են այդ ռազմական հարձակումը։
Այն, որ ամերիկացիները փորձում են դա թույլ չտալ... իհարկե մենք չգիտենք, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում, հրապարակային շատ ինտենսիվ ներգրավվածություն ես չեմ էլ տեսնում։ Գուցե փակ դռները հետևում ինչ-որ գործընթացներ տեղի են ունենում։ Ամեն դեպքում, պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողության»։
Խոսելով Հայաստանի անելիքների մասին, փորձագետն ասաց. «Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հաշվարկները միշտ հանգեն այն կետին, որ Հայաստանի դեմ նոր ռազմական լայնածավալ հարձակումը ավելի շատ վտանգներ է պարունակում, քան օգուտներ։ Քանի դեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմտածի այդկերպ, հարձակման շանսերը կլինեն բավականաչափ ցածր»։
Անդրադառնալով Իրանի դերակատարմանը, նա ընդգծեց. «Բոլորի համար պարզ է, որ Հայաստանի ոչ կենսունակ պետություն դառնալը դեմ է Իրանի շահերի։ Ոչ թե նրա համար, որ Իրանը սիրում է Հայաստանին կամ հայերին, այլ որովհետև Հայաստանի ոչ կենսունակ պետություն դառնալը ավտոմատ նշանակում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության շեշտակի աճը։ Առանց այդ էլ հիմա Ադրբեջանը հստակ ձգտում է դառնալ Հարավային Կովկասի հեգեմոն պետություն, իսկ եթե նրան հաջողվի Հայաստանը դարձնել ոչ կենսունակ պետություն, ապա կարելի է ասել, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ադրբեջանը կլինեն թիվ մեկ խաղացողները՝ առաջ անցնելով և՛ Իրանից, և՛ Ռուսաստանից։
Պարզ է, որ թե՛ Իրանին, և՛ թե՛ Ռուսաստանին այս հեռանկարը չի ոգևորում։ Մյուս կողմից ակնհայտ է, որ պատժամիջոցների ներքո գտնվող և անընդհատ ամերիկյան կամ իսրայելական հարվածների սպասող Իրանը շատ ավելի քիչ հնարավորություններ ունի թույլ չտալու ադրբեջանա-թուրքական ծրագրերի իրականացում, քան Արևմուտքի հետ ինչ-որ կարգավորման հասած և տնտեսական զարգացման փուլ բռնած Իրանը։ Հետևաբար այս համատեքստում միանշանակ է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների շարունակումը բխում է Հայաստանի շահերից, բանակցությունների հաջող ընթացքը միանշանակ մեծ ձեռնատու է։
Նույնիսկ եթե բանակցությունների հաջող ավարտ կամ վերջնական գործարք չի կարող կնքվել, որովհետև կողմերի դիրքորոշումները միմյանցից շատ հեռու են, առնվազն մենք պետք է շահագրգռված լինենք, որպեսզի ա) բանակցությունները շարունակվեն որքան հնարավոր է երկար, և բ) հնարավորության դեպքում ստորագրվի որևէ միջանկյալ գործարք։ Նույնիսկ միջանկյալ գործարքի ստորագրումը արդեն ավտոմատ կկանխի Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հավանականությունը առաջիկա ամիսների կամ գուցե տարիների համար»։











