Լոռիի մարզում`Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Մեծավանի ջրամբարի պատվարի վրա երկաթբետոնե կառուցատարրերից կառուցված է 11 x 38 x 5 մետր չափերով աղետային (կատաստրոֆիկ) ջրթափ, որի աջակողմյան պատին` տարբեր հատվածներում, երկաթբետոնի քայքայման հետեւանքով առաջացել են ճեղքվածքներ, որտեղից առկա է ջրի արտահոսք` դեպի ջրընդունիչ խրամուղի:
Ժամը 19.40-ի դրությամբ, վնասված պատի փլվելու եւ ջրամբարի ջրի կտրուկ արտահոսքի վտանգ չկար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ջրամբարը շահագործող կազմակերպության ղեկավարության հետ որոշվել եւ բացվել են ջրի արգելափակիչները, ջրի մակարդակը իջեցվում է մինչեւ անվտանգության սահմանաեզր: Ջրամբարը նախատեսված չափով կդատարկվի 3-4 օրերի ընթացքում, որից հետո ջրի մակարդակը չի բարձրացվի, մինչեւ վերանորոգման աշխատանքների ավարտը:




























