«Երկրորդ հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանը մի քանի անգամ կրկնել է՝ ես իշխանությունը զավթելու կոչ երբեք չեմ արել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով երրորդ դատական նիստին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատարանում ներկայացված հարցազրույցը ոչ միայն չի հիմնավորում այն, որ Միքայել Սրբազանն իբրև թե իշխանության զավթման կոչ է արել, այլև հակառակը՝ այս հարցազրույցը պետք է պաշտպանական կողմը ներկայացներ որպես մեղադրանքը հերող ապացույց։ Միքայել Սրբազանը մի քանի անգամ հրապարակայնորեն կրկնում է, որ իշխանությունը զավթելու կոչ չի արել»,–հավելեց փաստաբանը։

Նշենք, որ դատարանում ներկայացվում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի մասնակցությամբ հարցազրույցները, որտեղ արտահայտված մտքերը հիմք են հանդիսացել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երրորդ նիստը։

Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Զոհրաբյանը կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեցին, սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը։ Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։