Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը պետք է առաջ շարժվի, և Եվրոպան պետք է ներգրավված լինի Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ ցանկացած խաղաղ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը։
Կոշտան, որը Լիսաբոնից տեսակապով պատմել է երկուշաբթի Վաշինգտոնում անցկացված բանակցությունների մասին, լրագրողներին հայտնել է, որ թեև դեռ շատ անելիք կա և հաջողության երաշխիքներ չկան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպման հնարավորությունը «ինքնին բավականին դրական է»։
Ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում։
Նշվում է, որ Թրամփը և Զելենսկին կողմ են հանդիպումը Հռոմում անցկացնելուն։ Բանակցային հարթակի այս տարբերակն աջակցում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմն, ըստ հեռուստաալիքի, նախընտրում է Ժնևի տարբերակը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 18-ին Սպիտակ տանը տեղի ունեցան ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների միջև բանակցություններ: Մինչ այդ՝ օգոստոսի 15-ին, Ալյասկայում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը:




























