Ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ամբողջ ամերիկա-մեքսիկական սահմանի պատը կներկվի սև գույնով։ Նրա խոսքով՝ այդպիսով պատը արևի տակ ավելի ուժեղ կտաքանա, ուստի նրանց համար, ովքեր ցանկանում են անօրինական կերպով հատել սահմանը, ավելի դժվար կլինի դա անել։
Նոեմը նման հայտարարություն է արել Նյու Մեքսիկոյում պատի հատվածներից մեկն այցելելու ժամանակ, հաղորդում է CBS News-ը։
Նա պարզաբանել է, որ պատը սև ներկելու առաջարկը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
«[Պատը] բարձր է, ուստի շատ, շատ դժվար է, գրեթե անհնար է բարձրանալ դրա վրա։ Այն նաև շատ խորն է մտած գետնի մեջ, ինչը դժվարացնում է, եթե ոչ անհնար դարձնում, այն փորելը։ Եվ մենք այսօր այն նաև սև ենք ներկելու։ Դա արվում է նախագահի խնդրանքով, ով հասկանում է, որ այստեղ տիրող շոգի պատճառով, երբ ինչ-որ բան սև է ներկվում, այն ավելի տաք է լինում և դա մարդկանց համար ավելի է դժվարացնում [պատի] վրա բարձրանալը», - CNN-ին ասել է Նոեմը։
CBS News-ը հիշեցնում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը եղել է Թրամփի ներգաղթային քաղաքականության գլխավոր ուղղությունը՝ նրա նախագահության առաջին ժամկետում։ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվում միգրանտների արտաքսման և ձերբակալությունների ծրագրերին, բայց միևնույն ժամանակ Ներքին անվտանգության նախարարությունը գրեթե 46 միլիարդ դոլար կստանա՝ պատի կառուցումն ավարտելու համար։
Թրամփի վարչակազմը դեռ ցանկանում է ավարտել պատի կառուցումը այն ժամանակ, երբ սահմանն ապօրինի հատող մարդկանց հոսքն արդեն կտրուկ նվազել է։ Այսպես, հունիսին ԱՄՆ-ի հարավային սահմանին ձերբակալվել է ընդամենը վեց հազարից մի փոքր ավելի մարդ, ինչը վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշն է։ Ընդ որում, Բայդենի վարչակազմի օրոք միգրանտների հոսքն այնքան բարձր է եղել, որ ձերբակալվածների թիվը կարող էր հասնել նույն վեց հազարին՝ ընդամենը մեկ օրում։




























