Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը, որի մասին վերջին շրջանում խոսում են ԱՄՆ ներկայացուցիչները, դեռ բավականին հեռու է։

«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպել, այդ թվում նաև պարոն Զելենսկու հետ՝ այն հասկացմամբ, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կրկին կասկածի տակ է դրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը։

Մոսկվան որոշ ժամանակ է, ինչ պնդում է, որ նրա նախագահական ժամկետը լրացել է, սակայն Ուկրաինայի օրենսդրությունը հստակորեն արգելում է ընտրություններ անցկացնել պատերազմական ժամանակներում։ Այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ կասկածներ չունեն Զելենսկու լեգիտիմության վերաբերյալ։

Լավրովն ասել է, որ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ «այն հասկացմամբ, որ երբ և եթե, սակայն ես հուսով եմ, որ երբ գործը հասնի ապագա պայմանավորվածությունների ստորագրմանը, ապա կլուծվի ուկրաինական կողմից այդ պայմանավորվածությունները ստորագրող անձի լեգիտիմության հարցը»։

ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Նրանք սկսել են խոսել այս մասին Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում հանդիպումից և դրան հաջորդած Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ գագաթնաժողովից հետո։

Այնուամենայնիվ, ռուս պաշտոնյաները նշում են, որ Կրեմլի առաջնորդը կարող է հանդիպել Զելենսկու հետ միայն պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։