Հինգշաբթի՝ օգոստոսի 21-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը ճեպազրույց է անցկացրել կազմակերպության գործունեության և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված լայնածավալ զորավարժությունների վերաբերյալ, որոնց կմասնակցեն դաշինքի անդամ երկրները։
Ըստ նրա՝ Բելառուսում, Ղրղզստանում և Տաջիկստանում անցկացվելիք զորավարժություններում կներգրավվի ավելի քան 5000 մարդ և մոտ 1000 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա։ Զորավարժությունների ընթացքում, ինչպես նշվել է ճեպազրույցում, հատուկ ուշադրություն կդարձվի անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը և թշնամու անօդաչու թռչող սարքերին հակազդելու համակարգի ստեղծման առանձնահատկություններին։ Ըստ Անդրեյ Սերդյուկովի՝ անօդաչու թռչող սարքերը դարձել են «ռազմական գործողություններ իրականացնելու արդյունավետ միջոցներից մեկը», գրում է «Коммерсантъ»-ը։
Անդրեյ Սերդյուկովն ընդգծել է, որ բոլոր միջոցառումներն ու զորավարժությունները «պլանային» են և «ուղղված չեն երրորդ երկրների դեմ»։ Նրա բնորոշմամբ՝ մասնակիցների նպատակն է «բարելավել հրամանատարական և վերահսկողական մարմինների և զորքերի համակարգվածությունը, ինչպես նաև պահպանել պատրաստվածությունը, ձևավորել ուժեր և միջոցներ՝ կոլեկտիվ անվտանգության ապահովման նպատակով նախատեսված առաջադրանքները կատարելու համար»։
ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության ոլորտում գործող միջազգային կազմակերպություն է՝ հետխորհրդային պետությունների մասնակցությամբ։ Այն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Երկրները կնքել են կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ անդամ պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում մյուս բոլոր անդամ պետությունները կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն։
Հունիսին Բիշքեկում աշնանային գագաթնաժողովից առաջ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում տեղի ունեցավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարությունների նիստ։ Ինչպես նշել է «Коммерсантъ»-ը, գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել կազմակերպության ներսում առաջացած ճգնաժամի ֆոնին՝ Հայաստանի կողմից դրա գործունեությունը բոյկոտելու պատճառով։




























