Ըստ Pew Research Center կազմակերպության նոր զեկույցի՝ 1960-ական թվականներից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում ներգաղթյալների թիվը սկսել է նվազել: 2025 թվականի հունվարին երկրում ապրում էր ռեկորդային 53,3 միլիոն ներգաղթյալ, սակայն հունիսին այդ թիվը կազմում էր 51,9 միլիոն՝ հանած՝ 1,4 միլիոն մարդ, հաղորդում է NBC News-ը:
Փորձագետները նշում են, որ այս դրամատիկ փոփոխությունը պայմանավորված է ներգաղթային քաղաքականության խստացմամբ. Ջո Բայդենի վարչակազմի օրոք 2024 թվականին ձեռնարկած միջոցառումները զգալիորեն ամրապնդվել են Դոնալդ Թրամփի կողմից՝ պաշտոնը ստանձնելուց հետո:
Խոսքը ձերբակալությունների և արտաքսումների թվի աճի, վիզաների և ապաստանի ծրագրերի շրջանակում մուտքի սահմանափակումների, փախստականների քվոտաների կրճատման և օրինական ներգաղթի նոր բյուրոկրատական խոչընդոտների մասին է:
Միևնույն ժամանակ, ըստ Pew-ի ավագ ժողովրդագիր Ջեֆրի Պասելի՝ հենց նոր ներգաղթյալներն են, որոնք խթանում են ամերիկյան աշխատուժի աճը: Հունվարից ի վեր ավելի քան 750 հազար աշխատողների կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա, որտեղ աշխատունակ տարիքի քաղաքացիների թիվը այլևս չի աճում։
Ներգաղթյալները շարունակում են կազմել ԱՄՆ բնակչության զգալի մասը. հունվարին նրանց մասնաբաժինը կազմում էր 15,8%, հունիսին այն նվազել է, հասնելով 15,4%-ի: Համեմատության համար. Կանադայում ներգաղթյալները կազմում են բնակչության 22%-ը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ շուրջ 75%-ը։
Ներգաղթյալ բնակչության կառուցվածքի առումով առաջատարը հպատակագրված քաղաքացիներն են (46%), որին հաջորդում են անօրինական ներգաղթյալները (27%), «գրին քարտերի» տերերը (23%) և ժամանակավոր օտարահպատակները (4%): «Անօրինական ներգաղթյալների» թիվը 2023 թվականին հասել է ռեկորդային 14 միլիոնի, սակայն այժմ աստիճանաբար նվազում է։
Pew-ն նշում է նաև աշխարհագրության փոփոխության փաստը. ավելի ու ավելի շատ նորեկներ են ժամանում Հարավային Ամերիկայից, այլ ոչ թե Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայից, ինչպես նախկինում: Կալիֆոռնիան և Թեքսասը մնում են ներգաղթյալների հիմնական կենտրոնները, բայց դրանց միջև եղած տարբերությունը կտրուկ նվազել է։
Թեև տվյալները նախնական են, հետազոտողները տեղի ունեցածն ԱՄՆ միգրացիոն դինամիկայի «աննախադեպ տեղաշարժ» են անվանում:



























