Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը աշխատանքից հեռացրել է Ռուսաստանի հարցերով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ամենահեղինակավոր վերլուծաբաններից մեկին՝ ամերիկյան ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության մասին զեկույցի պատրաստմանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է բրիտանական The Economist շաբաթաթերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Օգոստոսի 20-ին Գաբարդը X-ում գրել է, որ գաղտնի տվյալներին հասանելիությունից զրկել է ամերիկյան հատուկ ծառայությունների 37 նախկին և գործող աշխատակիցների։ Ըստ նրա, վերջիններս «չարաշահել են հանրության վստահությունը՝ քաղաքական նպատակներով հետախուզական տվյալներն օգտագործելու և շահարկելու, դրանց արտահոսքն առանց թույլտվության կազմակերպելու միջոցով», ինչպես նաև թույլ են տվել «հետախուզական գործունեության նորմերի այլ աղաղակող խախտումներ»։

Գաբարդը հուլիսի 18-ին զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի (դեմոկրատ) վարչակազմը 2016 թվականի ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո փաստացի կեղծել է հետախուզական տվյալները, որոնք իբր վկայում էին ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության մասին։ Դա արվել է Թրամփին իշխանությունից զրկելու փորձ կատարելու համար, նշել է Գաբարդը։

Ըստ նրա, ընտրություններից մի քանի ամիս առաջ ԱՄՆ հետախուզությունը միակարծիք էր. Ռուսաստանը ո՛չ մտադրություն, ո՛չ էլ հնարավորություն չուներ միջամտելու ամերիկյան ընտրություններին։ Սակայն 2016 թվականի դեկտեմբերին (Թրամփի հաղթանակից հետո) Օբամայի վարչակազմը հանձնարարել է պատրաստել նոր զեկույց, որը հակասում էր նախկին գնահատականներին։ Գաբարդը պարզաբանել է, որ հետախուզության առանցքային եզրակացությունը, թե ՌԴ-ն չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, հանվել և գաղտնագրվել է։