Ռուսաստանցիներին արգելել են Instagram-ում հաշիվները վերիֆիկացնել՝ «ծայրահեղականության ֆինանսավորման» համար քրեական հետապնդման սպառնալիքի ներքո, հետևում է Մոսկվայի Կունցևսկի շրջանային դատարանի որոշումից։ Ատյանը քննել է դատախազի հայցը, որը համացանցում տեղեկություն էր հայտնաբերել ամերիկյան սոցցանցում հաշվի իսկությունը հաստատող «կապույտ նշանի» գնման մասին։

Նա նշել է, որ վերիֆիկացման համար անհրաժեշտ է ձևակերպել վճարովի բաժանորդագրություն, այսինքն՝ միջոցներ փոխանցել Instagram-ի սեփականատիրոջը՝ Meta ընկերությանը, որը Ռուսաստանում ճանաչվել է «ծայրահեղական» և արգելված է։ Դատարանը համաձայնել է այն փաստարկներին, որ ծառայության ստացումը «կրում է քրեածին բնույթ», քանի որ «կարող է նպաստել ծայրահեղական կազմակերպության ֆինանսավորմանը» (ՔՕ 282.3 հոդված)։ Այսպիսով, «կապույտ նշանի» գնումը կարող է հանգեցնել մինչև ութ տարի ժամկետով ազատազրկման։

Որոշումը կայացվել է հուլիսի 14-ին։ Հունիսին նույն դատարանը «ծայրահեղական» էր ճանաչել և արգելել ռուսաստանյան RosMedia և ղրղզական Aura ընկերությունները, որոնք Instagram-ում հաշիվների վերիֆիկացման ծառայություններ էին մատուցում։

Սոցցանցը ՌԴ-ում արգելափակվել է Ուկրաինայի հետ պատերազմն սկսվելուց հետո՝ 2022 թվականի մարտին։ Նույն ամսին Գլխավոր դատախազության պահանջով Meta-ն ճանաչվեց ծայրահեղական և արգելվեց երկրում։ Դատախազությունը նշել էր, որ ընկերությունը թույլ էր տվել օգտատերերին բռնության կոչեր անել ռուսաստանյան զինվորականների դեմ։

2024 թվականի գարնանը Ռուսաստանում արգելեցին գովազդ տեղադրել երկրում «անցանկալի» կամ «ծայրահեղական» ճանաչված օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հարթակներում։ Խախտումը պատժվում է տուգանքներով. 2-ից 2,5 հազար ռուբլի՝ ֆիզիկական անձանց, 4-ից 20 հազար ռուբլի՝ պաշտոնատար անձանց, և 100-ից 500 հազար ռուբլի՝ իրավաբանական անձանց համար։ Օրինագծի բացատրագրում ասվում էր, որ ռուսաստանցիները շարունակում են օգտվել Instagram-ից և Facebook-ից VPN-ի միջոցով, ինչը թույլ է տալիս Meta-ին գովազդից եկամուտ ստանալ։