Արմավիրի մարզի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքայելյանը հավաստիացնում է՝ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի, գլխավոր հաշվապահի և մի շարք այլ աշխատակիցների ձերբակալության մասին իրեն ոչինչ հայտնի չէ։
«Դպրոցը արձակուրդում է, ես ոչնչից տեղյակ չեմ։ Նոր զանգեցին, հարցրին, այդպես իմացա, լուրերով էլ չեմ կարդացել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավարը։
Լրագրողի հարցին՝ չի՞ հետաքրքրվել, թե ինչու են ձերբակալվել գյուղի դպրոցի աշխատակիցները, Արթուր Միքայելյանը պատասխանեց․
«Դա իմ ֆունկցիաների մեջ չէ, ես իրավաբան չեմ։ Հաշվապահը մեր գյուղից չէ, չեմ հետաքրքրվել ընտանիքի անդամներից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով այսօր ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ու մի շարք այլ աշխատակիցներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը՝ նշելով, որ դպրոցի տնօրենը ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։




























