Ճապոնիան նախատեսում է Լիտվա ուղարկել երկու սակրավոր մասնագետի, որտեղ նրանք կմասնակցեն ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որն ուղղված է Ուկրաինայի ժողովրդի մարդասիրական իրավիճակի բարելավմանը»,- նրա խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։ Ճապոնացի մասնագետները կկազմեն ականազերծողների միջազգային թիմի մաս, որը նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը կանցկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստում։ Հոկտեմբերի վերջին Տոկիոյում կկայանա Ուկրաինայում ականազերծման վերաբերյալ միջազգային կոնֆերանս։

Ճապոնիայի կառավարությունը նախկինում օգնություն է ցուցաբերել Ուկրաինային ականազերծման ոլորտում։ Ուկրաինական կողմը ստացել է չորս ALIS համակարգ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ հայտնաբերել ականները, ինչպես նաեւ 50 մետաղադետեկտոր։