ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի կողմնակիցներից մեկը՝ Փիթեր Թիլը, խորհուրդ է տվել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին զերծ մնալ իր կարողության մեծ մասը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կողմից մշակված բարեգործական ծրագրերին նվիրաբերելուց: Այս մասին հաղորդել է Reuters-ը, որը վերանայել է «Հակաքրիստոս» ծրագրի շրջանակում վենչուրային կապիտալիստի ելույթի սղագրությունը։
Թիլի կարծիքով՝ մոլորակի ամենահարուստ մարդը պետք է հրաժարվի «Նվիրատվության երդումից» (Giving Pledge), որը ստորագրողներից պահանջում է իրենց կարողության մեծ մասը թողնել բարեգործությանը: Այս նվիրատվությունը կարող է կատարվել ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո՝ կտակ կազմելով: 485 միլիարդ դոլար կարողություն ունեցող Մասկը միացել է ծրագրին 2012թ․: Թիլը նախկինում զգուշացրել էր Մասկին, որ նրա գումարը կուղղվի «Գեյթսի կողմից ընտրված ձախակողմյան ոչ առեւտրային կազմակերպություններին»: Միլիարդատերն այս հայտարարությունն արել է Սան Ֆրանցիսկոյում փակ դասախոսությունների շարքի ժամանակ, որոնցում նա մտահոգություն է հայտնել այն անձի ի հայտ գալու վերաբերյալ, որին նա նկարագրում է որպես «Հակաքրիստոս»:
Giving Pledge բարեգործական առաքելությունը հիմնադրվել է 2010թ․ միլիարդատերեր Ուորեն Բաֆեթի եւ Բիլ Գեյթսի կողմից: Ավելի քան 240 մարդ 29 երկրներից արդեն ստորագրել են պարտավորությունը, այդ թվում՝ Մայքլ Բլումբերգը, Ջորջ Լուկասը, Դեւիդ Ռոքֆելերը, Մարկ Ցուկերբերգը։




























