Հռոմի Պապ Լևոն XIV-ը և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը միասին աղոթել են Սիքստինյան կապելլայում՝ Միքելանջելոյի «Ահեղ դատաստան» որմնանկարի առջև։ Սա 500 տարվա ընթացքում առաջին դեպքն է եղել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը և Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարիչը միասին աղոթել են։ Հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակումն իրականացրել է Vatican News պորտալը։
Չարլզ III-ին ուղեկցել է թագուհի Կամիլան։ Աղոթքը հնչել է անգլերեն և լատիներեն լեզուներով։ Թագավորական զույգը պետական այցով է ժամանել Վատիկան։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել ապրիլին, սակայն հետաձգվել է Ֆրանցիսկոս Պապի վատ ինքնազգացողության պատճառով։ Նա մահացել է ապրիլի 21-ին։
Պաշտոնական ծրագիրը նախատեսում է ևս մեկ էկումենիկ (համաքրիստոնեական) պատարագ՝ Քաղաքային պարիսպներից դուրս գտնվող Սուրբ Պողոսի Պապական բազիլիկում։
1534 թվականին Անգլիայի խորհրդարանն ընդունել է Գերակայության ակտը, որով Հենրի VIII-ը (և նրա հաջորդները) հռչակվել են Անգլիայի Եկեղեցու միակ գերագույն ղեկավար։ Այսպիսով, ձևակերպվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուց անջատումը, որը չէր ցանկանում չեղյալ հայտարարել Հենրի VIII-ի և Եկատերինա Արագոնացու ամուսնությունը, ինչն էլ հանգեցրել է Անգլիայում կայացած Ռեֆորմացիային։





























