Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց որքան էլ որոնեցի, Սահմանադրությունում չգտա ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն և ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, դա օգտակար զբաղմունք է, բայց քֆուր-քյաֆարն ու սեռական հայհոյանքները ՕԿ չեն։

Ու լավ է, որ պետությունն է դրա դեմ պայքարում, հակառակ դեպքում ականատես կլինենք վրեժխնդրությունների, ինչպես եղավ մի հայտնի քֆուրչի բլոգերի հետ, ում Ռեստարտի տղաները աղբամանի մեջ գցեցին։

Հ.Գ. Ամեն դեպքում, չդիմադրող անձին ձերբակալելուց մարդուն փաթաթել չի կարելի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքաստը վարող Նարեկ Սամսոնյանը ու Վազգեն Սաղաթելյանը։

Օրեր առաջ նրանց հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շան տղաներ»։

Դրանից հետո «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանն է հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որպեսզի իրավական գնահատական տան «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններին և սպառնալիքներին: