Մենք 20 հազար հասանելի բնակարան կկառուցենք երիտասարդ և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հունվարի 20-ին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա պարզաբանել է, որ կառուցապատող ընկերությունների համար կմշակվի ներդրումային ծրագիր. հողը, գազը, էլեկտրաէներգիան և ջուրը կառուցապատողներին կտրամադրվեն անվճար, սակայն այն պայմանով, որ շենքի շինարարության ավարտից հետո բնակարանների մի մասը կփոխանցվի պետության սեփականությանը: Կարապետյանը հավելել է, որ այդ բնակարանները մատչելի գներով վաճառվելու են երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին։ «Կամ էլ կառուցապատողը պետք է բնակարանները վաճառի այն գնով, որը կսահմանի պետությունը»,- հստակեցրել է նա։ Ըստ նրա՝ սա թույլ կտա Երևանում բնակարանների գները նվազեցնել մինչև 270 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։

Կարապետյանը նշել է, որ Հայաստանը եզակի երկիր է, քանի որ նրա մայրաքաղաքում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան գյուղերում, այնինչ ողջ աշխարհում միտումը հակառակն է։ «Կա նաև մեկ այլ եզակի միտում՝ Հայաստանում այն ընտանիքներում, որտեղ զույգը բարձրագույն կրթություն է ստացել, ավելի շատ երեխաներ են ծնվում», - ընդգծել է շարժման համակարգողը: