Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկրների միջև հարաբերություններում նոր հաջողություններ արձանագրվեն։ Այս մասին փետրվարի 24-ին հայ իրանագետ Վարդան Ոսկանյանին Իրանի պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կոչում շնորհելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Նրա խոսքով՝ ցանկացած թեմա, որը վերաբերում է Իրանին, իրանագիտությանը և Իրանի ու Հայաստանի միջև հազարամյա կապերին, արժանանում է Իսլամական Հանրապետության սևեռուն ուշադրությանը: Նա պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին անվանել է արդի ժամանակների նշանակալի իրանագետներից մեկը, ով իր ողջ կյանքը նվիրել է իրանագիտության ուսուցմանը, ուսանողների պատրաստմանը, ինչպես նաև հրատարակել է կարևոր աշխատություններ: «Հանրային տիրույթում նա կիրառում է իր գիտելիքները՝ վերլուծելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի և Իրանի հարաբերությունները, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը: Նրա վերլուծությունները միշտ հիմնված են Իրանի պատմության և մշակույթի վերաբերյալ խորը գիտելիքների վրա», — ընդգծել է դեսպանը:

Նրա գնահատմամբ՝ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը փայլում է համաշխարհային գիտական ասպարեզում: Դիվանագետը հավելել է, որ այս կարևոր կենտրոնը, որտեղ ձևավորվել է նշանակալի գիտական ժառանգություն, հասել է լուրջ նվաճումների։