Վազգեն Սարգսյանը մեր մարտական ընկերն է եղել, մեր ղեկավարն է եղել, Հայաստանի վարչապետն է եղել, և եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրճյանը ողջ լինեին, այս 44-օրյա պատերազմը կարող էր և չլիներ, եթե լիներ էլ, մենք հաղթանակով էինք դուրս գալու այդ պատերազմից։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ, Ալբերտ Բազեյանը։
Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին, նա ասաց. «Մենք իրավիճակը շատ վատ ենք գնահատում, մենք գտնում ենք, որ Հայաստանում մեր ժողովրդի և մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է իշխանությունից հեռացնել գործող ապազգային, թրքամետ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի, հասարակական կառույցների և հայրենանվեր անհատ գործիչների համազգային համախմբում։ Պետք է համախմբվել ձևավորել մի հզոր ազգային քաղաքական միավորում և մինչև այս տարվա գարնան վերջը ամբողջ Հայաստանով մեկ ոտքի հանել մեր ժողովրդին, կազմակերպել անհնազանդություն գործող ապազգային թրքամետ վարչախմբին։
Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հեռացումը և գործող Ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար հարկ կլինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի և կկազմակերպի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ազատ, արդար և օրինական ընտրություններ։
Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ իշխանության կգա ձևավորված ազգային միավորումը և կիրականացնի մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին և ներքին քաղաքականություն»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել և Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ այս անգամ ավելի շատ ձայն կստանան, քանի որ խաղաղություն են բերել, Բազեյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը ղալլաթ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել, իրենք խաղաղություն չեն բերել։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը 2019–ին գնաց Արցախ և իր ճղճղան ձայնով հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ սրելով իրավիճակը և առիթ տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։
Կան փաստեր, որ Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է, Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, Նիկոլն իր կարգավիճակով լինելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտվենք ու ինքն Արցախն հանձնի թուրքին։ Ի սկզբանե Նիկոլը Արցախն համարել է բեռ հայերի և Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանը կրկնում եմ դավաճան է, նա հանձնել է Արցախը՝ Ալիևի հետ պայմանավորվելով»,– ընդգծեց նա։











