Արևմտյան ընկերությունները միլիարդավոր դոլարների եկամուտ կկորցնեն Կատարի էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հասցրած հարվածների պատճառով: Նման գնահատականներ են ներկայացված The Wall Street Journal (WSJ) թերթում հրապարակված հոդվածում:
«Արևմտյան նավթային ոլորտի համար առավել կարևոր ներդրումային նախագծերից մի քանիսը թիրախ են դարձել Իրանի հարվածների համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ընթացքում», — նշվում է հրապարակման մեջ: Ինչպես ընդգծվում է հոդվածում, «վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար, ամենայն հավանականությամբ, տարիներ կպահանջվեն»: Դրա պատճառով նավթագազային ոլորտում գործող խոշորագույն արևմտյան ընկերությունները «կզրկվեն միլիարդավոր դոլարների հասույթից»:
Հրապարակման մեջ արձանագրվում է, որ Իրանի հարվածների հետևանքով վնասված Կատարի Pearl գազի վերամշակման գործարանը (գազից հեղուկ վառելիքի ստացման) բրիտանական Shell ընկերության ամենաշահութաբեր ձեռնարկություններից մեկն է։ Ինչպես նշում է պարբերականը. «Գործարանն այնքան լուրջ վնասներ է կրել, որ դրա արտադրական գծերից մեկն, ըստ կանխատեսումների, փակ կմնա առնվազն մեկ տարի»։ Ըստ հրապարակված գնահատականների՝ ամերիկյան ExxonMobil ընկերությունը տարեկան մոտ 5 մլրդ դոլար եկամուտ կկորցնի այն բանից հետո, երբ իրանական հրթիռային հարվածներից վնասվել է Կատարի գազային ենթակառուցվածքը, իսկ վերականգնումը կարող է տևել մինչև հինգ տարի։
Պարբերականն ընդգծում է, որ վերջին 10 տարիներին ամերիկյան և եվրոպական խոշորագույն նավթային ընկերությունները ակտիվորեն ներդրումներ են կատարել Մերձավոր Արևելքի էներգակիրների արդյունահանման մեջ։ «Այժմ այդ ընկերությունները կարող են բախվել մատակարարումների խափանումների, որոնք կշարունակվեն տարիներ», — նշում է հեղինակը»։
Մարտի 18-ին Իրանի Բուշեր նահանգի Ասալույե շրջանի վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով «Հարավային Պարս» հանքավայրի մի քանի օբյեկտներում հրդեհ է բռնկվել։ Սրա հետ կապված՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Քաթարի նավթագազային ոլորտի օբյեկտներին հարվածելու մտադրության մասին։ Դրանից հետո Qatar Energy ընկերությունը տեղեկացրել է, որ Ռաս Լաֆանի հարթակը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է սկսվել։ Կատարի պաշտպանության նախարարությունը նշել է, որ բալիստիկ արկով հարվածը հասցվել է Իրանի տարածքից։ Ինչպես ավելի ուշ հավելել է Qatar Energy-ն, մարտի 19-ի կեսգիշերից հետո ընկերության արտադրական ենթակառուցվածքը կրկին հայտնվել է հրթիռային հարվածի տակ, ինչը հերթական լայնամասշտաբ հրդեհի պատճառ է դարձել։





























