Ճապոնիայի կառավարությունը սկսել է զինամթերքի և սպառազինության արտադրության գործարանների ազգայնացման հարցի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել արտադրության ծավալները և բարձրացնել երկարատև ռազմական գործողություններ վարելու ներուժը։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ նշելով, որ համապատասխան որոշումը նախատեսվում է կայացնել 2026 թվականին՝ անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերի վերանայման շրջանակներում։
Ռազմական գործարանների ազգայնացումը թույլ կտա ապահովել պետական բյուջեից դրանց ուղղակի ֆինանսավորումը։ Միևնույն ժամանակ, ըստ դիտարկվող տարբերակներից մեկի, արտադրության կառավարումը կարող է թողնվել մասնավոր բիզնեսի ձեռքում։
Ճապոնիայում մինչև վերջերս գործել է սպառազինության արտահանման արգելք, որն անգամ հիմա գրեթե չի իրականացվում։ Սա ստիպում է ռազմական արտադրանքը թողարկել փոքր խմբաքանակներով, ինչը բարձրացնում է ինքնարժեքն ու նվազեցնում արտադրության շահութաբերությունը։ Արդյունքում բազմաթիվ ընկերություններ լքում են ռազմական արդյունաբերության ոլորտը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում վերջին շրջանում աճող մտահոգություն են հայտնում զինամթերքի հնարավոր պակասի սպառնալիքի վերաբերյալ։ «Նիկկեյ» թերթի տվյալներով՝ եղած պաշարները կբավականացնեն առավելագույնը երկու ամիս տևող ինտենսիվ ռազմական գործողությունների համար։





























