Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչի հիման վրա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում, որ եթե ՔՊ–ն չլինի իշխանության, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։

«Մեկը ինչ–որ պահանջներ է հարևանների նկատմամբ, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը համարվի խաղաղության խորհրդանիշ։ Ես դրան ընդհանրապես դեմ չեմ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Փաշինյանը պատերազմի կոնկրետ ժամկետ է նշում՝ սեպտեմբերը, ԱԺ նախագահն ասաց. «Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել և դրա իրավունքը ունեն, և վարչապետը որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետության, դրա իրավունքը ունի և դա գնահատական է։ Ի դեպ, ասեմ, որ ընդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել և բարձրաձայնվել է ամեն տարի և ամիսով են ասել։ Մեր պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից ասում էին՝ պատերազմ է, պատերազմ է։ Ընդ որում, խաղաղության պարագայում էին ասում պատերազմ է, ինչի՞ եք զարմանում ի՞նչն է այդտեղ  տարօրինակ»։