ԱՄՆ Պետքարտուղարությունը նոր կառուցվածքային ստորաբաժանում է ստեղծել, որը պետք է զբաղվի արհեստական բանականության (ԱԲ) և այլ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված կիբերսպառնալիքների հակազդմամբ։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նորաստեղծ Նորագույն սպառնալիքների հակազդման բյուրոն իր կազմում ունի հինգ վարչություն՝ կիբերանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների, առաջատար տեխնոլոգիաների, տիեզերական անվտանգության և նոր սպառնալիքների գնահատման։
Նշվում է, որ որպես հիմնական մրցակիցներ, որոնց մտադիր է դիմակայել բյուրոն, մատնանշված են Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական դերակատարները, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար։



























