Ես արդեն 7 տարի է, ինչ խորհրդարանում եմ, և մեզնից յուրաքանչյուրը երդվյալ է: Եվ այդ երդման տեքստում կա հստակ պահանջ՝ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է թափուր տեղի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Երդման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ և անկախ քո քաղաքական դիրքորոշումից, քաղաքական մոտեցումներից, նախասիրություններից, վերաբերմունքից, դու պարտավոր ես գործել երդմանդ համապատասխան»,- ասել է Վարդանյանը:

Նա խոստովանել է, որ որոշակի ռիսկեր է տեսնում քաղաքական կողմնակալության մասով, մասնավորապես՝ քաղաքական պաշտոնից ՍԴ դատավորի պաշտոնին անցնելու ժամանակ։