Չինաստանը կոչ է անում Եվրոպական միությանը խուսափել պրոտեկցիոնիստական միջոցներից և օբյեկտիվորեն գնահատել Չինաստանի տնտեսական զարգացումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Մենք հույս ունենք, որ եվրոպական կողմը կհրաժարվի «զրոյական գումարով խաղի մտածելակերպից», կխուսափի հովանավորչական միջոցների ներդրումից և ռացիոնալ ու օբյեկտիվորեն կգնահատի Չինաստանի զարգացումը»,- ընդգծել է դիվանագետը։

Լին Ցզյանը հավելել է, որ Չինաստանը պատրաստ է լինել ոչ միայն «համաշխարհային ֆաբրիկա», այլև համաշխարհային շուկա։ Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին համատեղ օգտվել առաջիկա 15-րդ հնգամյակի ընձեռած նոր հնարավորություններից, որպեսզի «նպաստեն առևտրի օպտիմալացմանն ու հավասարակշռված զարգացմանը, ինչպես նաև միասնաբար պահպանեն բաց և ներառական միջազգային առևտրատնտեսական միջավայրը»։