Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ Հելսինկյան հանձնաժողովի նիստն անցկացվել է հենց այն օրերին, երբ Վրաստանը սգի մեջ է եղել, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

«Մենք ոչ մի խոսք չլսեցինք Ջո Ուիլսոնից և Հելսինկյան հանձնաժողովի մյուս անդամներից, ովքեր, եթե հարցնեք, իրենց համարում են վրաց ժողովրդի աջակիցներն ու իբր գիշեր-ցերեկ մտածում են Վրաստանի մասին», — հայտարարել է Պապուաշվիլին։

Նրան ուղղվել էր հետևյալ հարցը. «Ի տարբերություն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, եվրոպացի առաջնորդները ցավակցություն չհայտնեցին վրաց ժողովրդին. հայտարարություններ արվեցին միայն դեսպանատների մակարդակով։ Ինչպե՞ս կբացատրեք սա»։

«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այն ամենը, ինչ տեսնում ենք որոշ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, պարզապես ֆարս է։ Դա սովորական գնված լոբբիզմ է, որը որևէ կապ չունի ո՛չ Վրաստանի, ո՛չ վրաց ժողովրդի, ո՛չ էլ որևէ անկեղծ զգացմունքի հետ։ Հնարավոր է, որ նրանք նույնիսկ չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվել Վրաստանում, կամ հասկացել են, բայց չեն գիտակցել», — նշել է խորհրդարանի նախագահը։

Մենք նաև տեսանք, թե ինչպես են Եվրոպայում ներկայացվում տարբեր զեկույցներ և այլն։ Նույնիսկ սգի այս օրերին վրաց ժողովրդի դեմ կրկին հարձակումներ են տեղի ունենում։ Հենց սա է այն քաղաքակրթական խզումը, որի մասին մենք խոսում ենք. այն ուղղությունը, որով այսօր տանում են եվրոպական քաղաքակրթությունը։ Քաղաքական օրակարգն ավելի բարձր է դասվում, քան մարդկային արժեքները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն դեսպաններին, ովքեր թե՛ սգո օրերին, թե՛ հուղարկավորության օրը ներկա էին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում և իրենց զորակցությունը հայտնեցին այս կորստի կապակցությամբ։

Մյուս կողմից՝ մենք չտեսանք եվրոպացի այն առաջնորդներից և ոչ մեկին, ովքեր սովորաբար շատ արագ են մեկնաբանություններ անում Վրաստանի վերաբերյալ։ Սգի նման պահին նրանք ո՛չ խոսք գտան, ո՛չ ժամանակ, իսկ ավելի ստույգ՝ չգտան հույզեր, որովհետև չեն հասկանում այդ զգացմունքները։ Մեր հույզերը, որոնք կապված են եկեղեցու, պատրիարքի և այն իսկական արժեքների հետ, որոնց վրա հենված է Վրաստանը, տարբերվում են այն կեղծ արժեքներից, որոնցով առաջնորդվում են այդ քաղաքական գործիչները։

Այսպիսով, սա ևս մեծ դաս եղավ վրաց ժողովրդի համար», — հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։