Սահմանադրական դատարանի դատավորները ստաժի հիման վրա հավելավճար կստանան: Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների փաթեթրը։
«Նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ներկայում ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ նրանց բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին»,-ասաց Գալյանը:
Մասնավորապես առաջարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար: Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից, երկրորդ տարվանից՝ 20 տոկոս, երրորդում՝ 35 տոկոս, չորրորդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոս ավել:
Հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
«2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահների և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է»,-նշեց նախարարը:



























