Հանրապետական օրենսդիրները ընդհանուր առմամբ սատարում են Մերձավոր Արևելք հազարավոր լրացուցիվ զինվորականներ ուղարկելու Պենտագոնի որոշումը՝ դա դիտարկելով որպես Իրանի վրա ճնշում գործադրելու լծակ։ Սակայն շատերը դժգոհություն են հայտնել ցանկացած գործողության վերաբերյալ, որը կարող է նմանվել ցամաքային պատերազմի, հայտնում է NOTUS պորտալը։
«Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ նրանք ստիպված չեն լինի ոչ մի մարդու ցամաքային գործողությունների մեջ ներգրավել», — երեքշաբթի լրագրողներին ասել է սենատոր Թոմ Թիլիսը, ով այս ժամկետի ավարտից հետո թոշակի է անցնում։
«Ես համաձայն եմ օգտագործել սա որպես ևս մեկ լծակ՝ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Բայց եթե մենք պատրաստվում ենք նրանց տեղակայել վտանգավոր միջավայրում, ապա ակնհայտ է, որ Կոնգրեսի անդամները պետք է հասկանան, թե դա ինչ է իրենից ներկայացնում», — նշել է նա։
Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մերձավոր Արևելք է ուղարկում մոտ 5000 ծովային հետևակային և բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի առնվազն 1000 զինծառայող, ինչը Կապիտոլիումում նոր հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը մոտենում է ցամաքային գործողություններին։
«Ես կցանկանայի հուսալ, որ մենք մարտի դաշտում ցամաքային զորքեր չենք տեսնի», — ասել է սենատոր Ջոշ Հոուլին։ — «Ժամանակն է սրան վերջ դնել։ Հուսով եմ՝ մենք իրավիճակը չենք սրի ցամաքային զորքերի ներգրավմամբ»։ Թեև Իրանում ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացվել, սակայն տեղակայումը համահունչ է այն սցենարներին, որոնք, ըստ հաղորդումների, քննարկել են պաշտոնյաները, ներառյալ Իրանի ափամերձ գոտու և Խարգ կղզու գործողությունները։
Ըստ Թիլիսի՝ երկարաժամկետ տեղակայումը նոր խնդիրներ կառաջացնի, այդ թվում՝ կապված զինված ուժերի պաշտպանության և ֆինանսավորման հետ։ Նա պնդում է, որ եթե ԱՄՆ-ը պատրաստ է ավելի տևական ներգրավվածության, ապա Կոնգրեսը պետք է օրինականացնի դա՝ քվեարկելով ռազմական ուժի կիրառման թույլտվության օգտին։ Պատերազմի պատճառով առաջացած լարվածությունը շուտով կարող է վերածվել պայքարի՝ հանուն ֆինանսավորման։ Լրացուցիչ ֆինանսավորման հարցման հեռանկարն արդեն իսկ որոշ հանրապետականների մոտ հարցեր է առաջացնում պատերազմի արժեքի և այն մասին, թե արդյոք ծախսերի կարճաժամկետ ավելացումը կարող է վերածվել ԱՄՆ-ի ավելի երկարաժամկետ պարտավորությունների։ Այլ հանրապետականներ նույնպես դժգոհություն են հայտնել մարտական գործողություններին զորքերի մասնակցության գաղափարի վերաբերյալ։
Սենատոր Ռիք Սքոթը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավանական է ցամաքային պատերազմը, ասել է. «Հույս ունեմ, որ ոչ»։
Իր հերթին սենատոր Ռոջեր Ուիքերը պատասխանել է. «Ներկայումս ես այդպես չեմ կարծում»։ Սակայն ոմանք խոստովանել են, որ դա կարող է տեղի ունենալ։ «Իհարկե, նման հնարավորություն կա», — ցամաքային պատերազմի մասին ասել է սենատոր Մայք Ռաունդսը՝ հավելելով, որ աջակցությունը կախված կլինի նրանից, թե այս կամ այն ծրագիրն ինչպես կներկայացվի Կոնգրեսին։





























