Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք տեղափոխել ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մեկ գումարտակը և շտաբային վաշտը (ընդհանուր 1000 դեսանտայինների կազմով), հայտնում է «The Associated Press» (AP) գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Օպերատիվ պլաններին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ 1000 ամերիկացի դեսանտայինների տեղափոխումը նախապատրաստվում է առաջիկա օրերին։

Այս օպերատիվ դեսանտային խումբը բանակի արագ արձագանքման ուժերի մաս է կազմում և սովորաբար կարող է տեղակայվել կարճ ժամկետում՝ տեղափոխման հրամանը ստանալուց հետո 18 ժամվա ընթացքում։ Աղբյուրների համաձայն՝ խմբի կազմում կլինեն դիվիզիայի 1-ին բրիգադային մարտական խմբի գումարտակը, ինչպես նաև դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Բրենդոն Թեգթմայերը և միավորման շտաբային վաշտը։ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգում տեղակայված 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողները վերապատրաստված են թշնամական կամ վիճելի տարածքներում դեսանտավորման համար՝ առանցքային օբյեկտներ և օդանավակայաններ գրավելու ու պահելու նպատակով։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ չորեքշաբթի օրը Պենտագոնի ներկայացուցիչները Կապիտոլիումի բլրի վրա Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամների համար փակ ճեպազրույց կանցկացնեն, որի ընթացքում սենատորներին տեղեկություններ կտրամադրվեն պոտենցիալ տեղակայման վերաբերյալ:

Ինչպես նշում է գործակալությունը, Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում զորքերի ավելացումը տեղի է ունենում ամերիկացի պաշտոնյաների այն հաղորդագրությունների ֆոնին, ըստ որոնց՝ տարածաշրջան են ուղարկվում ծովային հետևակի արշավախմբային գումարտակներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ներկայումս Մերձավոր Արևելք են ուղղվում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ամֆիբիա-դեսանտային նավերի խմբեր՝ ծովային հետևակի երկու արշավախմբային գումարտակներով: Առաջին խումբը՝ 31-րդ արշավախմբային գումարտակով, Մերձավոր Արևելք կժամանի ուրբաթ օրը: Երկրորդ խումբը՝ 11-րդ արշավախմբային գումարտակով (մեկ շաբաթ անց):