Իրանի իշխանությունները փաստաթղթերի փաթեթ են պատրաստում ՅՈՒՆԵՍԿՕ-ին բողոք ներկայացնելու համար՝ կապված ավիահարվածների հետևանքով «Ֆալաք-օլ-Աֆլաք» պատմական ամրոցի վնասման հետ։ Ամրոցը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածու է։ Այս մասին հայտնել է Լոռեսթան նահանգի նահանգապետ Սաիդ Շահերխին։
«Այս պատմական համալիրը վնասվել է մի քանի հատվածում։ Անմիջապես անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել վնասը գնահատելու, անվտանգությունն ապահովելու և վերականգնողական աշխատանքներ սկսելու համար, ինչպես նաև իրավական գործընթաց է իրականացվում միջազգային ատյանների միջոցով», — նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Շահերխիի խոսքով՝ Խորամաբադի հովտի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելուց հետո, «Ֆալաք-օլ-Աֆլաք» ամրոցը համարվում է հաջորդ հիմնական թեկնածուն։
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնել էր, որ տեղեկություններ է ստացել Իրանում Համաշխարհային ժառանգության մի շարք օբյեկտների վնասման մասին, այդ թվում՝ Գոլեստան պալատի, «Պարսկական այգի» համալիրում գտնվող Չեհել Սոթուն տաղավարի, Սպահանի Մասջեդ-ե Ջամե մզկիթի, ինչպես նաև Խորամաբադի հովտի նախապատմական հուշարձանների բուֆերային գոտու մոտակայքում գտնվող թանգարանային համալիրի շենքերի վերաբերյալ։ Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ ավիահարվածների հետևանքով երկրում վնասվել է ավելի քան 120 պատմական հուշարձան, որոնցից 43-ը գտնվում են Թեհրանում։





























