Երբ մենք խոսում ենք խաղաղությունից, որոշ ընդդիմադիր շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք անտեսել ենք բանակը և ոչինչ չենք կատարում այդ ուղղությամբ, թե՛ սպառազինությունների, թե՛ մնացած աշխատանքների առումով, և որ իրենք պիտի գան ու ինչ-որ ուժեղ ձևով վերակառուցեն մեր բանակը։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ասաց. «Իհարկե, այդտեղ թեման զգայուն է, հասկանալի է, որ շատ արված աշխատանքներ մենք չենք կարող ամբողջությամբ ցուցադրել կամ դրա մասին խոսել, բայց կխնդրեի գոնե թվերի լեզվով ամփոփ ներկայացնել, մենք սպառազինության գծով ինչ ֆինանսավորում այս պահին ունենք, և եթե հնարավոր է, համեմատել մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո այդ երկու ժամանակահատվածները զինված ուժերի սպառազինությունների և դրա վրա կատարված ծախսերի առումով»։
Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց. «Տպավորություն է, որ որևէ կենտրոնից նույն նամակի հասցեատերերը ստացել են նամակ կամ հանձնարարություն խոսել կամ թիրախավորել անվտանգությունը, անվտանգության հետ կապված հարցեր։ Բայց ես պիտի հիասթափեցնեմ իրենց, որովհետև իրականությունը իրենց պատկերացումներից էապես տարբերվում է և պատճառը, որ նրանց մոտ հույս է առաջացել, որ գտել են մեր թույլ տեղը, մեր համեստությունն է և իհարկե ոլորտի գաղտնի լինելու հանգամանքը։
Բացարձակ թվեր չհնչեցնեմ, բայց նաև պատկերը ավելի պարզ դառնա։ Ուրեմն այսօր, երեկ հնչեցված հայտարարությունների հեղինակները, որոնք կամ մաս են կազմել նախորդ երկու տասնամյակների, այսինքն 2018 թվականին նախորդող երկու տասնամյակների քաղաքական համակարգերի կամ նրանց հոգեզավակներն են և տարբեր արբանյակներ այսօր խոսում են բանակի ծախսերի մասին։
1998-ից 2018 թվականներին, այսինքն երկու նախագահների կառավարման 20 տարիներին, բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-ից 2025 թվականներին։ Եթե 18-ից հաշվենք, բնականաբար այդ թիվը շատ ավելի մեծ կլինի։ Սրանք ֆիքսված թվեր են պաշտոնական։
Այսինքն միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5.4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, այլ ծախսերի մասին չեմ խոսում, միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է երկու նախագահների կառավարման տարիներին։
Եվ ըստ այդմ, հարգելի գործընկերներ և իհարկե նաև ձեզ հուշող նամակագիրներ, «մեթոդիչկաների» հեղինակներ, թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞վ եք զբաղվում, և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»։





























