Ըստ ամերիկյան երկու պաշտոնյաների և երկու աղբյուրների տվյալների՝ Պենտագոնը մշակում է Իրանին «վերջնական հարված» հասցնելու ռազմական տարբերակները, որոնք կարող են ներառել ցամաքային զորքերի օգտագործում և զանգվածային ռմբակոծություն։
Axios-ին տված հարցազրույցում ներքին քննարկումներին ծանոթ աղբյուրները նկարագրում են «վերջնական հարվածի» չորս հիմնական տարբերակ։
Այդ թվում․
Ներխուժում կամ շրջափակում Խարգ կղզի, որն իրանական նավթի արտահանման գլխավոր հանգույցն է։
Ներխուժում Լարեկ կղզի, որն օգնում է Իրանին ամրապնդել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս ռազմավարական կարևոր հենակետում տեղակայված են իրանական բունկերներ, բեռնատար նավեր պայթեցնելու ունակ մարտական մոտորանավակներ և նեղուցում տեղաշարժերին հետևող ռադարներ։
Ռազմավարական կարևորություն ունեցող Աբու Մուսա կղզու և ևս երկու կղզիների գրավում, որոնք գտնվում են նեղուցի արևմտյան մուտքի մոտ և վերահսկվում են Իրանի կողմից, սակայն դրանց նկատմամբ հավակնություններ ունի նաև ԱՄԷ-ն։
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում իրանական նավթ արտահանող նավերի շրջափակում կամ գրավում։
Բացի այս տարբերակներից, ամերիկյան զինվորականները նաև ցամաքային գործողությունների պլաններ են պատրաստել Իրանի տարածքի խորքում՝ միջուկային օբյեկտներում պահվող բարձր հարստացված ուրանի անվտանգությունն ապահովելու համար։





























